ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե երկիրը չի կատարել Հայաստանի հանդեպ` ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունները, անբարեխիղճ են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Դուք տեսնում եք` ինչպիսի անբարեխիղճ մեկնաբանություններ են հնչում այս հարցի հետ կապված նաև ռուսական քաղաքագետների կողմից: Մեր որոշ վերլուծաբաններ բացահայտ մեղադրում են մեզ դրանում, որ մենք դավաճանել ենք ՀԱՊԿ-ի շրջանակում մեր պարտավորությունները: Առաջին հերթին, չեմ կարծում, որ տվյալ անձինք, որոնց ազգանունները ես գիտեմ, քաղաքական առումով այդքան անգրագետ են, իսկ իրավաբանորեն անկիրթ: Երկրորդը` նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր պարտավորությունները տարածվում են միայն ՀԱՊԿ անդամ երկրի վրա` Հայաստանում, որի դեմ հարձակում չի եղել»,-նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ-ն նպատակ չի ունեցել քաղաքական միավորներ հավաքել և հեղինակություն ամրապնդել Ղարաբաղում հակամարտության հաշվին: «Մի կողմում պնդում են, թե «Ռուսաստանը գրեթե բոլորին խաբել է և դարձել գլխավոր շահող երկիրը»: Իսկ մյուս բևեռում ասում են «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»,- ասել Լավրովը նշելով, որ իրենք փիլիսոփայական մոտեցում ունեն նման պնդումների հարցում:
Լավրովի խոսքով` ներկայումս մոլի ընդդիմադիրներն օգտագործում են բոլոր միջոցները, այդ թվում` փաստերի ավաղաղումը:
«Մենք կաշխատենք մեր արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ, որը սահմանված է նախագահի կողմից և վայելում է մեր քաղաքացիների լայն աջակցությունը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը